(սկիզբը` այստեղ)
Ապրիլի 26-ին Բելուջիստան և Սիստան նահանգներում Իրան-Պակիստան սահմանին հարձակում գործեցին իրանցի սահմանապահների վրա: Ահաբեկիչները տասը մարդու սպանեցին, մեկին գերեցին ու տարան Պակիստան: Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Իրանի ԱԳՆ-ն Պակիստանի իշխանություններին մեղավորներին գտնելու ու պատժելու կոչ արեցին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնեց «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որ ստեղծել են 2012-ին «Իրանի ժողովրդական դիմադրության շարժման» («Ջոնդալա») անդամները: 2010-ին «Ջոնդալայի» ղեկավար Աբդուլամլիկ Ռիգին սպանվեց, որ թուլացրեց ահաբեկչական խմբավորումը: Առաջին հարձակումը «Ջաիշ ալ Ադլը» գործել է 2013-ին՝ զինյալները սպանեցին 14 սահմանապահների, մեկ տարի անց նրանց զոհը դարձան ութ զինվորականներ: Իսրայելյան Haaretz-ը, հղում անելով Foreign Policy-ին, հաղորդում է, որ «Ջոնդալայի» զինյալներին պատրաստել են ԿՀՎ-ի գործակալները:
ԻԻՀ ռազմական ղեկավարությունը հանգստություն է պահպանում: Ցամաքային զորքերի հրամանատար Մոհամեդ Պակպուրը վստահեցրեց, որ ավարտվել են ժամանակները, երբ Սիստանի ու Բելուջիստանի լեռներից իրենց թաքստոցներից ահաբեկիչները հարձակվում էին Իրանի իրավապահների վրա: «Այսօր ահաբեկիչնեը նահանջել են Պակիստանի իրենց որջը, այնտեղից են գրոհում Իրանի վրա: Նրանք այլևս հնարավորություն չունեն մեր տարածքում գործելու»՝ գեներալի խոսքերն է մեջբերում Press TV հեռուստաալիքը: Պակպուրը նշել է, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և «ահաբեկչության կնքահայր» ԱՄՆ-ը փորձում են հակահեղափոխական ուժերին վերադարձնել Իրան՝ իրավիճակն ապակայունացնելու համար: «Իրանի թշնամիները պիտի իմանան, որ ահաբեկիչներն անպատասխան չեն մնա»՝ Defa Press-ին տված հարցազրույցում ընդգծել է ԻԻՀ օրինականության պահպանման ուժերի հրամանատար Հոսեյն Աշտարին: Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ապրում է Իրանի ընտրությունների վրա ներգործելու հույսով: «Եթե ամերիկացիները մտածում են, որ ի զորու են ազդել ԻԻՀ նախագահական ընտրությունների վրա, խորապես մոլորված են: Իրանցիները իմաստուն ժողովուրդ են: Մենք գիտենք մեր թշնամիներին և գործում ենք ի հեճուկս նրանց պահանջների»՝ հայտարարեց նախարարը RT-ի արաբական խմբագրությանը տված հարցազրույցում: Դեհղանի խոսքով՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան օգտագործում են զանգվածային լրատվամիջոցները՝ հաջակցություն քաղաքական մեկ խմբի՝ մյուսի դեմ: Նկատի ունեն արևմտյան պարսկալեզու BBC-ին, VOA-ն, DW-ն և «Ազատության ռադիոն»: Ազգամիջյան թեման արտաքին խաղացողները օգտագործելու են իրավիճակը լարելու իսլամական հանրապետության ներսում: Առաջիկայում հնարավոր է իրավիճակը սրվի Իրանի քրդական շրջաններում:
Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի երկօրյա այցն Իրան նոր երանգավորում ստացավ: ՌԴ ռեգիոնալ ղեկավարն իր արտասահմանյան այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Իրանի կառավարության անդամների հետ, ներառյալ Էսհակ Ջհանգիրիին: Մինիխանովը եղավ նաև Մեշհեդում, որտեղ հանդիպեց Խորասան-Ռեզավիի նահանգապետ Ալի- Ռեզա Ռաշիդյանի և «Աստան Կուդս Ռեզավի» իսլամական խոշոր հիմնադրամի տնօրեն, նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսիի հետ: «Մենք կառուցողական հանդիպումներ ունեցանք նահանգի ղեկավարների հետ, հետագա արդյունավետ փոխգործակցության քայլեր ուրվագծեցինք: Բիզնես ֆորում կազմակերպվեց Թաթարստանի և Խորասան-Ռեզավիի գործարար շրջանակների մասնակցությամբ: Մենք եղանք Մեշհեդի կրթական ու մշակութային հաստատություններում: Ես շնորհակալ եմ նահանգապետ Ալի Ռեզա Ռաշիդյանին միջոցառումների կազմակերպման համար»՝ ամփոփեց Ռուստամ Մինիխանովը: Ռաշիդյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են ներդրումների և կրթության ոլորտում համագործակցության հարցեր: Թաթարստանի նախագահը եղավ իմամ Ռեզայի դամբարանում՝ Մեշհեդի ճարտարապետական համալիրում, որ զբոսաշրջության ու ուխտագնացության կենտրոն է Իրանում: Հակառուսական ալիքը որսաց նախագահ Հաթամիի (1997-2005) նախկին մամլո քարտուղար Աբդոլա Ռամազանզադեն: Նա Ռաիսիի հանդիպումը Մինիխանովի հետ գնահատեց իբրև «անփորձության և անարդյունավետության դրսևորում»: «Մենք պետք է հիշենք ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին և թույլ չտանք ռուսական ներգործություն Իրանի վրա: Ցավոք, Իրանի շատ ԶԼՄ-ներ օգտագործում են տեղեկատվության ռուսական աղբյուրներ համաշխարհային գործընթացների լուսաբանման համար: Իսկ որոշ տեղեկատվական ռեսուրսներ հրապարակում են ռուս զինվորականների վերլուծությունները: Մի՞թե վերջերս մենք լսել ենք Իրանի հետախուզական մարմիններից ռուս լրտեսների ձերբակալության մասին: Մի՞թե Իրանում չկան ռուս լրտեսներ և նրանք մեր երկրի մասին տեղեկություններ չեն հավաքում»՝ Ռամզանզադեի խոսքերն է մեջբերում Raja News-ը: Իրանցի լրագրողները հիշեցրին 1997-ի ընտրությունների միջադեպը: Այն ժամանակ նախագահի թեկնածու էին բարեփոխիչ Մոհամեդ Հաթամին և պահպանողական Ալի Ակբար Նատեգ-Նուրին: 1997-ի փետրվարին պահպանողական թեկնածուի ներկայացուցիչ Մոհամեդ Ջավադ Լարիջանին, որ հիմա ղեկավարում է Իրանի մարդու իրավունքների խորհուրդը, ԻԻՀ ԱԳՆ-ի պատվիրակության կազմում մեկնեց Լոնդոն: Մեծ Բրիտանիայում նա հանդիպեց ԱԳՆ-ի Մերձավոր Արևելքի հարցերով գլխավոր քարտուղար Նիկ Բրաունի հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Լարիջանին աջակցություն էր որոնում Ալի Ակբար Նատեգ-Նուրիի թեկնածությանը Մեծ Բրիտանիայում: Այդ հանդիպումը հարվածեց Նատեգ-Նուրիի հեղինակությանը, իսկ ԶԼՄ-ները միջադեպը որակեցին իրանական շահերի դավաճանություն: Արդյունքում Հաթամիի օգտին քվեարկեցին 20 միլիոն ընտրողներ՝ Նատեգ- Նուրիի 7,2 միլիոնի դիմաց: Ինչպե՞ս են ընդդիմադիր բլոգներն ու ԶԼՄ-ները ներկայացնում Մինիխանովի այցը:
Թաթարստանի նախագահի փոխարեն նրան դիտարկում են իբրև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ: Համադանի ավիաբազայի սկանդալի օրինակով հայտնի է՝ ինչպես են իրանցիները արձագանքում իրենց ներքին գործերին միջամտությանը: Առայժմ ռուսական ազդեցության գաղափարը չի ստացել տեղեկատվական լայն աջակցություն: Սակայն Ռաիսիի հաղթանակի դեպքում և Թեհրանի ու Մոսկվայի հարաբերություններում փոքր լարման առկայությամբ այդ պատմությունը կարող են տարբեր ուղղություններով զարգացնել:
Կիրիլ ՋԱՎԼԱԽ, REGNUM
Հ.Գ. Փաստացի՝ այս նախագահական ընտրություններն էլ Իրանում անցնում են ազատականների ու պահպանողականների դիմակայությամբ: Մայիսի 19-ին Իրանն ընտրելու է երկու ուղղությունների միջև: Հասան Ռոհանիին ընտրությունների նախօրեին, ինչպես 2013-ին, հաջողվեց միավորել չափավորականներին ու բարեփոխիչներին, նրանց միացան նաև չափավոր պահպանողականները: Նա մնում է նախագահի հիմնական թեկնածուն: Նրան աջակցող ուժերի հենարանը նոր ձևավորվող միջին շերտերն են, մտավորականներն ու երիտասարդները: Այդ բլոկի երկրորդ թեկնածու Ջհանգիրին ներկայացնում է բարեփոխիչներին ու նրանց անունից բանակցում է հոգևոր առաջնորդի հետ: Նա ավելի շատ գործող նախագահի աջակիցն է և հօգուտ Ռոհանիի կհանի իր թեկնածությունը: Հաշեմի Տաբան նույնպես կաջակցի Ռոհանիին:
Պահպանողականների նպատակը Հասան Ռոհանիի երկրորդ ժամկետ թույլ չտալն է: Իրանը մեկուսացումից դուրս բերելու և միջազգային հանրության հետ կապեր հաստատելու՝ եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման նրա քաղաքականությունը բախվել է պահպանողականների դիմադրությանը: Միջուկային գործարքը կնքելուց հետո նրանք նախագահին մեղադրեցին Արևմուտքին զիջումների, միջուկային ոլորտում նվաճումներից հրաժարվելու մեջ: Նրանք այդ քաղաքականությունը համարում են սպառնալիք և իսլամական հեղափոխության գաղափարներին դավաճանություն: Ռոհանիի տնտեսական քաղաքականության պարտությունը նրա ընդդիմախոսների քարոզչության հիմնաթեման է:
Բայց պահպանողականները տարբեր ուղղություներ են ներկայացնում և մրցակցում են միմյանց: Բոլոր պահպանողականներին Իսլամական հեղափոխության ուժերի ազգային ճակատում միավորելու փորձերը չհաջողվեցին: Արմատական պահպանողականները հրաժարվեցին միավորվել: Չափավոր պահպանողականները գերադասեցին միայնակ պայքարել: Պահպանողականների առավել արմատական հատվածը ներկայացնում են Ռաիսին, ում վերջերս սկսել են այաթոլա անվանել, և Գալիբաֆը, որ Թեհրանի քաղաքապետն է: Ռաիսին ընտրարշավը սկսել է իբրև անկախ թեկածու: Նրան աջակցում են կրոնական ալիքները, որ նրան ուժեղ թեկնածու է դարձնում:
Ռաիսիի հենարանը հասարակության ավանդապաշտ շերտերն են: Պոպուլիստական հայտարարություններով նա փորձում է իր համակիրը դարձնել աղքատ խավերին: Ռաիսին շեշտադրում է իսլամական հեղափոխության իդեալների իրականացումը, շահիդների պաշտամունքը, ուզում է նոր իսլամական քաղաքակրթություն կառուցել: Նա ուղղակի դիմում է սուննիներին:
Բնականաբար՝ դեռ վաղ է կանխատեսումներ անել: Ընտրողների մեծամասնությունը քվեարկում է՝ վերլուծելով թեկնածուների ծրագրերը և նրանց պահվածքը հեռուստաբանավեճերում, այլ ոչ թե գաղափարախոսական նախապատվություններով: Հասան Ռոհանիին բարդ պայքար է սպասվում: Նա պետք է պաշտպանվի քննադատությունից ու համոզի չկողմնորոշվածներին, որ հաջորդ չորս տարին կկարողանա տնտեսական աճ ապահովել, կոռուպցիան սանձել, գործազրկությունը կրճատել, ամրապնդել ազատության ոգին ու երաշխավորել հասարակության զարգացումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ